ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

«ԻԳործ» ծրագրով Գիտության կոմիտեն նոր աշխատակից ունի

05.10.2021
image descriptionimage descriptionimage descriptionimage description

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում ֆիզիկոս Միքայել Խանբեկյանը մեկ տարի ժամկետով կաշխատի ՀՀ գիտության կոմիտեում: Հոկտեմբերի 5-ին կայացավ Խանբեկյանի առաջին աշխատանքային հանդիպումը կոմիտեի աշխատակազմի հետ:

«ԻԳործ» ծրագրի համակարգող Հերմինե Հարությունյանը, անդրադառնալով ծրագրի նպատակներին ու խնդիրներին, կոմիտեի ախատակիցներին ներկայացրեց Միքայել Խանբեկյանին: Միքայելը ֆիզիկոս է, զբաղվում է քվանտային օպտիկայով, ավարտել է ԵՊՀ-ն, այնուհետ ուսումը շարունակել է ԱՄՆ-ում՝ Բոստոնի համալսարանում: Ծրագրին դիմելու ժամանակ աշխատավայրը Գերմանիայի Ռոստոկի համալսարանն էր, վերջնականապես հայրենադարձվելու նպատակ ունի: Նա նաև Գիտության կոմիտեի հետ համագործակցելու փորձ ունի. ընդգրկված է գիտական փորձաքննություն իրականացնող օտարերկրյա փորձագետների բազայում:

Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը, ողջունելով «իԳործ» ծրագրի գործունեությունը, համոզմունք հայտնեց, որ Միքայել Խանբեկյանը հաջողությամբ կինտեգրվի Գիտության կոմիտեի կոլեկտիվին և արդյունավետորեն կիրացնի իր ներուժը:

Միքայել Խանբեկյանն աշխատելու է կոմիտեի Գիտության քաղաքականության վարչության Գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում, ինչը նշանակում է, որ մասնակցելու է գիտության ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի տարբեր ծրագրերի մշակման աշխատանքներին:

 «Հույս ունեմ, որ տարբեր երկրներում գիտական աշխատանքս և գիտության ղեկավարման տարբեր համակարգերին ծանոթ լինելս օգտակար կլինի, ուրախ կլինեմ իմ փորձը ծառայեցնել հայրենիքիս»,—նշեց Խանբեկյանը: