ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Երկրաշարժագիտության ոլորտում հայ-չինական համագործակցությունը նոր թափ է ստանում

06.04.2021

Մարտի 29-ին տեղի ունեցավ երկրաշարժագիտության արդի հիմնախնդիրներին և Հայաստանում սեյսմիկ կայանների ցանցի կազմակերպման նորարարական տեխնոլոգիաներին նվիրված հայ-չինական առցանց սեմինարների շարքի վերջին հանդիպումը: Սեմինարները կազմակերպվել էին Չինաստանի երկրաբանական ծառայության զարգացման հետազոտական կենտրոնի, Չինաստանի սեյսմաբանական ծառայության Երկրաֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՉԺՀ առևտրի նախարարության հովանավորությամբ:

Սեմինարների շարքը մեկնարկել է 2021 թ. մարտի 10-ին: Բացման խոսքով հանդես են եկել երկու երկրների դեսպաններ, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ:

Սեմինարին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, ՀՀ նախարարությունների և մարզպետարանների մասնագետները:

Լսվել են 40-ից ավելի դասախոսություններ երկրաշարժագիտության, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմակայուն շինարարության, սեյսմամեկուսիչների կիրառման նոր տեխնոլոգիաների, վաղ ազդարարման ժամանակակից համակարգերի կիրառման, երկրաբանության հիմնախնդիրները, օգտակար հանածոների, ջրային ռեսուրսների որոնման, երկրաբանական վտանգ ներկայացնող պրոցեսների վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը հանդես է եկել զեկույցներով Հայաստանում սեյսմաբանության և ինժեներային սեյսմաբանության հիմնախնդիրների, ինչպես նաև Հայաստանի տարածքում համատեղ հայ-չինական համալիր սեյսմաերկրադինամիկական դիտարկումների մշտադիտարկման գործիքային համակարգի ստեղծման վերաբերյալ:

Սեմինարի ընթացքում դասախոսություններ են եղել նաև COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքների անվտանգ կազմակերպման, համավարակի վտանգների ու հնարավոր զարգացման հեռանկարների վերաբերյալ: Կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ՝ առցանց 3D այցելություններ Պեկինի փակ քաղաք, Չինաստանի տերակոտային հովիտ, Սիան քաղաքի երկրաբանական թանգարան և այլն: Քննարկվել են երկրաշարժի կանխատեսման հնարավորությունները, սեյսմիկ վտանգի գնահատման նոր տեխնոլոգիաների կիրառումը, Հայաստանում կառուցվելիք համալիր երկրաֆիզիկական և երկրադինամիկական ցանցի ստեղծման հետագա քայլերը:

2021 թ. մարտի 29-ին, սեմինարների շարքի փակման արարողության ժամանակ ելույթով  հանդես եկավ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նա իր խոսքում նշեց, որ բարձր է գնահատում հայ-չինական համագործակցությունը, և կոմիտեն հնարավոր բոլոր քայլերն անում է՝ այն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Դրա վկայությունն են 2019 թ. հուլիսի 5-ին ՀՀ գիտության կոմիտեի և  Չինաստանի երկրաշարժերի վարչության միջև ստորագրված «Երկրաշարժերի հետազոտությունների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը և ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Չինաստանի երկրաֆիզիկայի ինստիտուտի միջև կնքված Հայ-չինական համատեղ միջազգային լաբորատորիայի (International Associated Laboratory «Earthquake Monitoring and Simulation») հիմնադրման պայմանագիրը:

2021 թվականին Չինաստանի ժողովրդական հանրապետության կողմից նախատեսվում են լայնածավալ աշխատանքներ Հայաստանի տարածքում հայ-չինական համալիր երկրաֆիզիկական և երկրադինամիկական գիտական կայանների և տվյալների հաշվողական կենտրոնի կառուցման և սարքավորումներով հագեցման ուղղությամբ:

Սեմինարի արդյունքում ստեղծվել է Չինաստանի երկրաբանական ծառայության հետ համագործակցության առցանց հարթակ, որի համակարգող հայկական կողմից նշանակվել է Ջոն Կարապետյանը, իսկ չինական կողմից՝ Չինաստանի երկրաբանական ծառայության զարգացման հետազոտական կենտրոնի ղեկավար Հան Ծիուսին: