ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Շնորհակալական նամակ՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից

07.11.2019

Նոյեմբերի 7-ին ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը  նամակ է ստացել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից, որով նա  շնորհակալություն է հայտնում ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանի  կողմից Երուսաղեմում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին օժանդակելու համար:  

Հիշեցնենք, որ ՀՀ գիտության կոմիտեից տրվող բազային ֆինանսավորման շրջանակներում գործող ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանն ուսումնասիրում է հայ ժողովրդի համար բացառիկ արժեք ներկայացնող, մասնավորապես Համշեն գավառին վերաբերող վավերագրերը, հարկային մատյանները և այլ փաստաթղթեր: Ծրագրի շրջանակներում Լ. Սահակյանը թվայնացրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում պահվող, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մոտ 26 000 էջ արխիվային նյութեր, ինչպես նաև կազմել դրանց մի մասի նկարագրական ցանկը:

Լուսինե Սահակյանի գիտահետազոտական աշխատանքը խիստ կարևորում և նրան աջակցում է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

Գիտահետազոտական աշխատանքներից բացի Լուսինե Սահակյանը հանդես է եկել նաև դասախոսություններով և սեմինարներով  Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի սաների համար: