ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ կառավարության որոշմամբ գիտության ոլորտի ֆինանսավորումը կավելանա շուրջ 2 միլիարդ 784 միլիոն դրամով

08.04.2021

ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 8-ի N 524-Ն որոշմամբ 2021 թ. պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար հատկացված  ֆինանսական միջոցները կավելանան 2 784 565 400 ՀՀ դրամով։

Ավելացվող միջոցներից շուրջ 1 միլիարդ 32 միլիոն դրամ ուղղվելու է գիտական ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին, մասնավորապես, առավել բարձր արդյունավետություն ունեցող գիտական կազմակերպությունների համար գիտական ժամանակակից և կարևորագույն նշանակության սարքավորումների ձեռք բերմանը և այդ սարքավորումների վրա հետազոտական աշխատանք իրականացնող անձնակազմի վերապատրաստմանը: Ծրագիրը  հնարավորություն կընձեռի արդիականացնելու, որոշ դեպքերում՝ նաև ստեղծելու նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնելու գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը, ապահովելու միջառարկայական, բազմապրոֆիլ հետազոտությունների իրականացումը տարբեր կազմակերպությունների միջև: Ծրագրի կարևոր նախապայմաններից է սարքի համատեղ օգտագործման համար տարբեր շահագրգիռ կազմակերպությունների կոնսորցիումի ձևավորումը, ինչպես նաև ուսումնական պրոցեսում սարքի հետ աշխատանքի ներառումը (ըստ հնարավորության):

Եվս 114 միլիոն 400 հազար ՀՀ դրամ նախատեսվում է հատկացնել ՀՀ ԳԱԱ համակարգի սարքավորումներով վերազինման ծրագրին: Գումարները տրամադրվելու են սուպերհամակարգչի տեղափոխման և տեղադրման աշխատանքների համար, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ համակարգը նոր սարքավորումներով համալրման և եղած սարքավորումների սպասարկման նպատակով:

Ավելացվող միջոցներից 1 միլիարդ 638 միլիոն ՀՀ դրամ կուղղվի մրցութային դրամաշնորհային միջոցառումների իրականացմանը, մասնավորապես, նախատեսվում է պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների մրցութային թեմաների քանակը ավելացնել  շուրջ 50-ով, գիտական խմբերի մեկնարկային մրցութային ծրագրերի քանակը՝ 8-ով, երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերի քանակը՝ շուրջ 10-ով, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի  քանակը՝ շուրջ 10-ով:

Նշված գումարի շրջանակներում ՀՀ գիտության կոմիտեն 2021 թվականին նախատեսում է իրականացնել նաև նոր՝ առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագիր, որի նպատակն է ՀՀ-ում գործող միջազգային չափանիշներով առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ մինչև 7 հոգանոց հետազոտական խմբերի ձևավորումը: Խմբերի առջև դրվելու են հետևյալ պարտադիր պահանջները` արտերկրի հեղինակավոր գիտնական հանդիսացող գործընկերոջ առկայություն, հավակնոտ և բեկումնային թեմայով հետազոտական ծրագրերի իրականացում, միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներ, միջազգային հետազոտական դրամաշնորհների ներգրավում: Մրցույթի իրականացումը հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն օգտագործել առաջատար գիտնականների մասնագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների մասնագիտական աճի համար, ինչպես նաև հնարավորություն կտա ներգրավել նոր միջազգային դրամաշնորհներ։ 2021 թվականին այս ծրագրով նախատեսվում է տրամադրել շուրջ 50 դրամաշնորհ` մինչև 5 տարի ժամկետով:

Որոշման նախագիծը կազմելիս վերը նշված ուղղություններն ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի մոտ 2021 թ. փետրվարի 24-ին կայացած գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականները: Միջոցառումները պետք է նպաստեն գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավմանն ու  ամրապնդմանը, նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը, հանրապետությունում իրականացվող հետազոտությունների, երկրի անվտանգության և պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը:

Ներկայումս ՀՀ գիտության կոմիտեում մշակվում է նաև գիտական աշխատողների բազային աշխատավարձերի աստիճանական բարձրացման և դրանց նորմավորման ծրագիրը, որն առաջիկայում կմտնի շրջանառության  մեջ: Նախատեսվում է 2022 թվականից մինչև 2025 թվականը աստիճանական ավելացմամբ հասնել գիտական աշխատողների աշխատավարձերի՝ հանրապետության մասշտաբով մրցունակ սահմանաչափերի:

 

ՀՀ կառավարության նիստում որոշման նախագծի քննարկման ընթացքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=nMpONS-6-ZQ