ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Նոր հնարավորությունների հեռանկարներ՝ երիտասարդ գիտնականների համար

09.11.2021

FAST հիմնադրամի նախաձեռնությամբ մեկշաբաթյա այցով Հայաստանում է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությունը: Այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի կողմից գիտական ու տեխնոլոգիական ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային նախագծերի (blue sky ideas) ֆինանսավորման հեռանկարները:

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը և FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը մեր երկրում:

«Քանի որ այսօր ՀՀ-ում կրթության և գիտության նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր մեծանում է, հետևաբար առաջնահերթություն է այս ոլորտներում ներդրում կատարելը: Միայն կրթված հասարակություն ունենալով՝ կարող ենք կերտել անվտանգ պետություն, ստեղծել նոր տեխնոլոգիաներ և առաջադեմ հնարավորություններ: Այսպիսի նախաձեռնությունները բխում են այդ ռազմավարությունից, հետևաբար ողջունելի է ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի ներկայացուցիչների՝ մեր երկիր այցը, որի շրջանակում բուհերում և ակադեմիական ինստիտուտներում ինչպես կիրառական, այնպես էլ ֆունդամենտալ գիտությունների գծով հետազոտություններ ֆինանսավորելու իրական հնարավորություններ կարող են ստեղծվել»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ հույս հայտնելով, որ այդ առումով 2022 թվականին կլինի հստակ նախանշված ճանապարհային քարտեզ: Ըստ փոխնախարարի՝ գիտության մեջ արագ արդյունք չի լինում. անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ, որոնք տարիներ անց են արդյունք տալու:

«Քանի որ այս ծրագիրը նոր է Հայաստանի համար, որոշ ժամանակ անց միայն կկարողանանք գնահատել դրա արդյունավետությունը: Մենք ունենք շատ լավ երիտասարդ գիտնականներ ու դասախոսներ, որոնք, վստահաբար, կունենան հետաքրքիր ու նորարար գաղափարներ, որոնցով կարող են դիմել այս ծրագրին և ստանալ ֆինանսավորում: ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչով կաջակցի, որպեսզի համագործակցությունը կայանա ու լինի արդյունավետ»,- նշել է Կարեն Թռչունյանը և ընդգծել, որ հնարավորինս շատ գիտնականներ ու ստարտափեր պետք է տեղեկանան նախաձեռնության մասին:

Մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքից