ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Այցելություն Կուրչատովյան ինստիտուտ

22.09.2010

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը սեպտեմբերի 15-16-ը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում:

 

Պատվիրակության կազմում էին «Քենդլ» նախագիծը ֆինանսավորելու պատրաստ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ վարելու համար ՀՀ կառավարության կողմից լիազորված Րաֆֆի Կալֆայանը, «Քենդլ» նախագծի տնօրեն Վասիլի Ցականովը:

 

Այցելության հիմնական նպատակը ռուսաստանյան գիտական շրջանակներում «Քենդլ» ծրագրի ներկայացումն էր:

 

Այցելության ընթացքում հայկական կողմը հանդիպում է ունեցել Գիտության, տեխնոլոգիաների եւ կրթության հարցերով ՌԴ նախագահին կից խորհրդի գիտական քարտուղար, «Կուրչատովյան ինստիտուտ» ռուսաստանյան գիտական կենտրոնի տնօրեն Մ. Վ. Կովալչուկի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել է «Քենդլ» ծրագիրը եւ ՀՀ կառավարության դիրքորոշումը ծրագրի նկատմամբ, շեշտվել է, որ «Քենդլ»-ը միջազգային ծրագիր է, եւ ՀՀ կառավարությունը բոլոր միջազգային կառույցներին կոչ է անում իրենց մասնակցությունն ունենալ ծրագրի իրականացմանը:

 

Ռուս գիտնականները բարձր են գնահատել ծրագրի գիտական նշանակությունը՝ հայտարարելով, որ Ռուսաստանն անպայման իր մասնաբաժինը կունենա դրա իրականացման աշխատանքներում: Ծրագրում ռուսական կողմի մասնակցության մանրամասները կճշտվեն եւ արձանագրությամբ հայկական կողմին կներկայացվեն շուտով:

 

Հայ պատվիրակները եղել են ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիաներում, ծանոթացել Սինքրոտրոնային ճառագայթման եւ նանոտեխնոլոգիաների Կուրչատովյան կենտրոնի ինժեներական համալիրին:

 

ՌԴ այցելության ընթացքում կոմիտեի նախագահն այցելել է նաեւ Դուբնա, որտեղ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ղեկավարության հետ քննարկել է համագործակցության ապագա ծրագրերը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին