ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Նոր ծրագրեր հայ-ռուսական համագործակցության արդյունքում

27.11.2017

Նոյեմբերի 22-25-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Մոսկվա քաղաքում հանդիպել է ՌԴ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների և գիտական կազմակերպությունների տնօրենների հետ:

Այցի շրջանակներում կոմիտեի նախագահը հանդիպել է ՌԴ ԿԳ փոխնախարար Գրիգորի Տրուբնիկովի հետ: 

Քննարկվել են ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ռուս-հայկական համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: Որոշվել է հստակ քայլեր ձեռնարկել նոր համատեղ գիտահետազոտական լաբորատորիաներ ստեղծելու, բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ցանցային կառույցներ հիմնելու ուղղությամբ: Այս առիթով որոշվել է Հայաստանում 2018 թ. գարնանը կազմակերպել աշխատանքային սեմինար՝ շահագրգիռ գիտական կազմակերպությունների, բուհերի ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

Առաջարկվել է վերանայել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ֆինանսավորման չափը, ինչպես նաև «Բուհերը՝ որպես ինովացիոն տարածք ստեղծելու կենտրոն» նախագծի իրականացման նպատակով Սլավոնական համալսարանի հիման վրա ստեղծել ինովացիոն և տեխնոլոգիական զարգացման տարածաշրջանային համալսարանական կենտրոն:

Մոսկվա այցելության ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Գիտական պարկի տնօրենի հետ: Քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմն աջակցի հայաստանյան բուհերում ևս նման տեխնոպարկեր հիմնելուն, մասնավորապես՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որն արդեն բավարար աշխատանքներ ունի արած այդ ուղղությամբ:

Հանդիպում է կայացել նաև ՌԴ գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Գվիշիանիի հետ: Կոմիտեի նախագահին առաջարկվել է Գյումրիում՝ ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հետ համատեղ ստեղծել Երկրի գեոմագնիսական դաշտի ուսումնասիրման նոր լաբորատորիա, որի համար ռուսական կողմը պարտավորվել է տրամադրել սարքավորումներ և  մասնագիտական աջակցություն: Կոմիտեի նախագահն իր հերթին խոստացել է աջակցել ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին՝ նոր լաբորատորիա հիմնելու հարցում:

 

Լուսանկարներ