ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանրային քննարկում

20.12.2022

ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Գիտական և  գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. հունվարի 4-ը ներառյալ՝ կայքի «Հանրային քննարկումներ»  բաժնում կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/5161, կամ ուղարկել Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@scs.am):

Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ս.թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ): 

 

Նախագծի նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման գործընթացը կարգավորվում է 2000 թ. ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով: Այն ՀՀ Սահմանադրության 2015 թ. փոփոխություններից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով առկա են լիազորող նորմերի ոչ հստակ ձևակերպումներ կամ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն: Ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվում է մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնց լիազորություններ օրենքը ներկա խմբագրությամբ չի սահմանում:

Հանրային քննարկման ներկայացված նախագծով  նախ և առաջ հստակեցվում են ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները:

Օրենքի նախագծով առաջարկվում է ներմուծել մի քանի նոր հասկացություններ և մի շարք հասկացություններ հստակեցնել: Մասնավորապես՝ առաջարկվում է լրացնել «ճարտարագիտատեխնիկական աշխատող», «գիտամանկավարժական բնագավառի աշխատող» և «գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ» հիմնական հասկացությունները:

Առաջարկվող փոփոխություններով նաև կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը` այն դարձնելով ավելի նպատակային և սահմանափակումների կիրառման համար ստեղծելով օրենսդրական հիմքեր: Փոփոխությունների հիմնական նպատակը որոշակի սոցիալական երաշխիքների և հիմքերի ստեղծումն է ` ոլորտում սերնդափոխության իրականացման համար:

Օրենքում առաջարկվում է համալրում՝ պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտեխնիկական հետազոտությունների իրականացման համար նյութատեխնիկական բազայի համալրման համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման համար գնումները հրատապության սկզբունքով իրականացնելու վերաբերյալ: Կարգավորման կարիքն առաջացել է այն հանգամանքից, որ սկսած 2020 թվականից՝ Կառավարության կողմից ոլորտի ֆինանսավորման որոշակի բաժինը տրամադրվում է ենթակառուցվածքների համալրմանը գիտական ժամանակակից սարքավորումներով, որոնց ձեռքբերման գործընթացը ֆինանսավորման հատկացման սկզբից որոշ դեպքերում տևում է մինչև 2.5 տարի, ինչը չի համընկնում ոլորտի զարգացման նախանշված տեմպերին, այս կարգավորման նպատակն է ստեղծել իրավական հիմք` մեկ անձից կամ հրատապության հիմքով գնման այլ, ավելի արագագործ եղանակներով սարքերի ձեռքբերման համար, քանի որ գիտության ոլորտում ժամանակակից հետազոտությունների տեմպերը էապես արագ են, և մի քանի տարի ձգվելու պարագայում հնարավոր է սարքավորման ակտուալությունն այլևս նույնը չլինի ինչ դրա ձեռքբերման կարիքի առաջացման պահին:

Նախագծով լրամշակվում է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը: