ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հայկական համադպրոցական գիտության փառատոնը՝ ԵՊՀ-ում

28.03.2022
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել հայկական համադպրոցական գիտության փառատոնը: Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, և նպատակ ունի դպրոցահասակների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի նկատմամբ:

Փառատոնին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, դպրոցների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը հանրապետության  դպրոցների ավագ դասարանների 70 աշակերտներ իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ ներկայացրել են անհատական և թիմային 35 գիտահետազոտական նախագծեր չորս հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն։

Փառատոնի օրակարգը հագեցած էր. ժյուրիին և հյուրերին իրենց գիտական աշխատանքները ներկայացնելուց բացի աշակերտներն ունկնդրեցին  ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ  Հովիկ Փանոսյանի դասախոսությունը՝ «Կյանքը գոյության սահմանում» վերնագրով, այնուհետև մասնակցեցին գիտափորձերի ցուցադրության, որոնք կազմակերպվել էին «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերի, «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության խմբակի և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից:

Փառատոնին ներկայացված նախագծերը գնահատվել են ՀՀ գիտության կոմիտեի ձևավորած ժյուրիի կողմից:

Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերը՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «ԷկոՊրոտեին, երեք խնդիր մեկ լուծում», Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի «Պոլիպրոպիլենից մինչև վառելիք» և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի «Շանթ և շարժում՝ կայծային շքերթ», առցանց կմասնակցեն մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair): Միջազգային գիտատեխնիկական փառատոնին Հայաստանի դպրոցականների մասնակցությանը, ինչպես նախորդ տարի,  աջակցում է «ARPA» հիմնադրամը:

Արարատի մարզի Ջրահովիտի Վլ․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցից ներկայացված «Տաք դպրոց» նախագիծն արժանացել է Միջազգային գիտատեխնիկական փառատոնի  ISEF-Community Innovation Award մրցանակի:

Փառատոնի ամենակրտսեր մասնակիցները՝ Վանաձորի համար 21 հիմնական դպրոցից, իրենց ներկայացրած «Առողջ սնունդ» և «Կանաչ տանիք» նախագծերով արժանացան ժյուրիի հատուկ մրցանակի: 

«Լավագույն նախագիծ» անվանակարգում «կենսաբանություն» և «մաթեմատիկա և ծրագրավորում» առարկաներից մրցանակներն ստացան Մոսկվայի պետական համալսարանի «Երիցյան» վարժարանի սաները՝   «Երկու աբիոտիկ գործոնների ազդեցությունը» և  «Ֆրակտալներ և Ծրագրավորում»  նախագծերով:

Քիմիայից ներկայացված լավագույն նախագիծ համարվեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի «Հաղորդիչ էկո-պոլիմեր» նախագիծը: 

Իսկ ֆիզիկայից ընտրվեց երկու հաղթող նախագիծ՝ Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցից ներկայացված «Ոչ նյուտոնյան հեղուկներ» և ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցից՝  «Ասֆալտ պլաստիկ շշերից. ապագայի ճանապարհները» նախագծերը:

Միջազգային գիտատեխնիկական փառատոնին չմասնակցող բոլոր ընտրված նախագծերն արժանացել են դրամական պարգևների:

 

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2022-ի մրցանակակիրների ցանկը։

 

Հիշեցնենք, որ փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2021 թվականին: Առաջին փառատոնի մանրամասներին և մրցանակակիրների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝   http://scs.am/am/05-04-2021 :