ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Գիտության բարեփոխումները 2009 թվականի շեմին

17.12.2008

Այսօր «Փաստարկ» ակումբում կազմակերպվել էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի մամուլի ասուլիսը: Գիտության պետական կոմիտեի նախագահն ամփոփեց 2008 թվականի ընթացքում կոմիտեի գործունեության արդյունքները: Թվարկվեցին այն բոլոր ծրագրերն ու իրավական ակտերի նախագծերը, որոնք կոմիտեի աշխատակազմի կողմից մշակվել եւ սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը: Ներկայացվեց տեղեկատվություն կոմիտեի  կողմից իրականացրած աշխատանքների հիման վրա ստեղծված տեղեկատվական բազաների մասին, այդ թվում՝ գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների անձնագրավորման արդյունքների, ՀՀ-ում գիտական աստիճան ունեցողների վերաբերյալ:

 

Պարոն Հարությունյանը խիստ կարեւորեց գիտության զարգացման բնագավառում միջազգային համագործակցության դերը. «Գիտությունը բաց համակարգ է, որը մեկ երկրում առանձնացված զարգացնելն անհնար է: Միջազգային համագործակցությունը,- նշեց Գիտության պետական կոմիտեի նախագահը, - ես համարում եմ մեր կառույցի՝ գիտության պետական կոմիտեի գերակա ուղղություններից մեկը»: Ս. Հարությունյանն ավելացրեց, որ կնքված միջազգային պայմանագրեր արդեն կան, սակայն նոր պայմանագրերի կնքում եւս նախատեսվում է, այդ թվում՝ համագործակցության պայմանագրեր են նախատեսվում կնքել Ֆրանսիայի Հանրապետության գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության հետ եւ այլն:

 

Ս. Հարությունյանն անդրադարձավ նաեւ գիտության առեւտրայնացման հարցերին. «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ունենք գիտական հզոր ներուժ: 7500 գիտնականներից 1500-ը բարձր ռեյտինգ ունեցող գիտնականներ են, որոնց տված արդյունքները կարելի է ներդնել արտադրության մեջ եւ ստանալ եկամուտներ: Կարծում եմ ապագայում գիտության պետական կոմիտեն կլինի այն միջնորդ կառույցը, որը հնարավորություններ կստեղծի գործարարների եւ գիտական կառույցների միջեւ գործնական սերտ կապեր հաստատելու համար»:

 

Ասուլիսի ընթացքում գիտության պետական կոմիտեի նախագահը ներկայացրեց նաեւ կոմիտեի 2009 թվականի ծրագրերը, որոնք հիմնականում միտված են ՀՀ-ում գիտական բարեփոխումների օրենսդրական հենքի ապահովմանը, ՀՀ-ում միջազգայնորեն ընդունելի գիտական աստիճանաշնորհման համակարգի ձեւավորմանը, գիտության առաջնայնությունների եւ գերակայությունների սահմանմանը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին