ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մասնակցություն ՄՀՄԻ հերթական նստաշրջանին

23.11.2018

Նոյեմբերի 19-ից 21-ը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հրավերով գործուղվել էր Բուխարեստ (Ռումինիա)` ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին ներկայացվել են ՄՀՄԻ գիտական խորհրդի 124-րդ նստաշրջանի առաջարկությունները, գիտական և գիտահետազոտական աշխատանքների պլանի կատարողականը և միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքը,  2019թ. բյուջեի նախագիծը, ֆինանսական գործունեության աուդիտորական ստուգման արդյունքները: Ներկայացվել են նաև ասոցացված երկրների հետ համաձայնագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև Ֆրանսիայի հետ նախատեսվող համաձայնագրի լրամշակված տարբերակը: Հաստատվել են 2018 թ. նոյեմբերի 16-17-ը կայացած ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նիստի արդյունքները:

2018 թ. նոյեմբերի 20-ին ՄՀՄԻ անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի անդամներին ՄՀՄԻ փոխնախագահ Ռ. Լեդնիցկին ներկայացրել է «NICA» կոլայդերի վրա կատարվող նախագծերը և հետազոտական ծրագրերը՝ մանրամասնելով իրագործման ընթացքում ստացված արդյունքների և յուրաքանչյուր անդամ պետության մասնագետների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:

2018 թ. նոյեմբերի 20-ի նիստի առանցքային հարցերից էր ՄՀՄԻ անդամ պետությունների անդամավճարների հաշվարկման նոր մեթոդաբանությունը 2020-2022 թվականների համար: ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի առաջարկով և փաստարկներով քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2019 թ. ՄՀՄԻ անդամավճարը զեղչելու   հարցը: Քննարկումների արդյունքում հաստատվել են անդամավճարների ծավալները, որը Հայաստանի Հանրապետության համար նվազել է՝ 265 200 ԱՄՆ դոլարից (2018 թ.) մինչև  262 500 ԱՄՆ դոլար (2019 թ.):

ՄՀՄԻ անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հաջորդ նստաշրջանը  նախատեսված է  2019թ. մարտ ամսին: