ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե


Հարցեր գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների վերաբերյալ

Հարց 1. – Ո՞ր դեպքերում են տրվում հավելավճարներ գիտական աստիճանի համար:

Պատասխան- Գիտական աստիճանի (գիտությունների դոկտորի կամ թեկնածուի) համար հավելավճարներ տրվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող այն աշխատակիցներին, ովքեր միայն մեկ ծրագրից ստանում են օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն:

 

Հարց 2.  -  Տրվու՞մ է արդյոք հավելավճար գիտական աստիճան ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց:

Պատասխան - Գիտական աստիճանի համար հավելավճար տրվում է կենսաթոշակային տարիքի այն անձանց, ովքեր ընդգրկված են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական կամ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) ծրագրերում և թեմաներում և  միայն մեկ ծրագրից ստանում են օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն:

 

Հարց  3. - Ի՞նչ ժամկետներում և ի՞նչ պարբերականությամբ է ներկայացվում գիտական աստիճանի համար հատկացվող ֆինանսավորման հայտը, և անհրաժե՞շտ է արդյոք այն ներկայացնել, եթե ցուցակներում փոփոխություններ չկան:

Պատասխան - Կազմակերպությունները մինչև յուրաքանչյուր բյուջետային տարվա հունվարի 25-ը, ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը ներկայացնում են հաշվետվություն յուրաքանչյուր ամսվա համար ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների վերաբերյալ` անկախ փոփոխություններից: Տարվա վերջին եռամսյակի հաշվետվությունը ներկայացվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը:

 

Հարց 4. - Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՀ գիտության կոմիտե՝ գիտական աստիճանի համար հավելավճարի հատկացման ցանկերում փոփոխություններ կատարելու համար:

Պատասխան – Եռամսյակի ընթացքում փոփոխությունների առկայության դեպքում կազմակերպությունը հայտի հետ միասին ներկայացնում է փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (ընդունման, ազատման, երկարատև արձակուրդի կամ գործուղում ուղարկելու հրամաններ, նոր շնորհված գիտական աստիճանների վկայագրեր և այլն)

 

Հարց  5. -  Կազմակերպությունների կողմից սահմանված ժամկետներում և կարգով գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարների վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելը կարո՞ղ է արդյոք հիմք հանդիսանալ ֆինանսավորումը դադարեցնելու համար:

Պատասխան – Հաշվետու եռամսյակից շուտ կատարված, սակայն չներկայացված փոփոխությունները, անկախ չներկայացման պատճառներից, հաշվի չեն առնվում: Կազմակերպությունների կողմից կարգով սահմանված ժամկետներում հայտերի կամ այլ պահանջվող տեղեկատվության չներկայացման դեպքում գիտական աստիճանի համար հավելավճարների տրամադրումը դադարեցվում է մինչև կարգով սահմանված հայտերի կամ այլ պահանջվող տեղեկատվության ներկայացնելը:

 

Հարց 6. -  Տրվու՞մ է արդյոք գիտական աստիճանի համար հավելավճար հղիության և ծննդաբերության արձակուրդում, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող գիտաշխատողներին:

Պատասխան- Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարը տրամադրվում է: Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարը չի տրամադրվում:

 

Մանրամասն տե՛ս ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին վճարվող հավելավճարները կազմակերպություններին տրամադրելու կարգ (հաստատված՝ 2022 թ. հունվարի 26-ի N 01-Ա/Ք հրամանով)