ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը

06.08.2018

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն խոր ցավով հայտնում է, որ oգոստոսի 4-ին կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հասարակական-քաղաքական անվանի գործիչ,  մեխանիկայի հայկական դպրոցի հիմնադիրներից Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը: 

 

Սերգեյ Համբարձումյանը ժամանակակից մեխանիկայի բնագավառում խոշորագույն գիտնականներից էր, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի բնագավառում մի շարք գիտական նորագույն ուղղությունների հիմնադիր: Նրա հեղինակած անիզոտրոպ շերտավոր թաղանթների դասական տեսության հիման վրա լուծվել են բարակապատ համակարգերի նախագծման բազմաթիվ կարևոր խնդիրներ, որոնք լայն կիրառություն են գտել ավիացիոն տեխնիկայում, սուզանավերի և հրթիռային տեխնիկայի հաշվարկներում: Ս. Համբարձումյանը ստեղծել է նաև սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ կոնստրուկցիաների հաշվարկի պրոբլեմները սկզբունքորեն նոր տեսանկյունից դիտարկելու հիմք են ծառայել:

 

Սերգեյ  Համբարձումյանը նաև գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ էր, ակտիվորեն մասնակցել է գիտական ու մանկավարժական բարձրորակ կադրերի մի քանի սերունդների պատրաստմանը: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 50 գիտնական դոկտորական ու թեկնածուական թեզ։ 1977-1991 թթ. լինելով Երևանի պետական համալսարանի ռեկտորը` Սերգեյ Համբարձումյանը մայր բուհի համար ստեղծել է զարգացման ու միջազգային համագործակցության նորանոր հնարավորություններ։

 

Համաշխահային հեղինակություն վայելող գիտնականի դերը հսկայական է եղել նաև հասարակական կյանքում: 1979-1992 թթ. լինելով  ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989-ից` նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ` նա միշտ պաշտպանել է հայ ժողովրդի շահերը, ինչը հատկապես ցայտուն է դրսևորվել Արցախյան հիմնահարցի քննարկումների ընթացքում:

  

Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից:

 

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե