ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը հետաքրքրել է ԱՊՀ գիտնականներին

22.07.2019

Հուլիսի 15-18-ը ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հրավերով մեկնել էր Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն)` մասնակցելու ՄԳՏԿ  կա­ռա­վարիչների խորհրդի 68-րդ հանդիպմանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՄԳՏԿ բյուջեն,  ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ընթացքը, տարածաշրջանային գրասենյակների հաշվետվությունները, ՄԳՏԿ անդամակցության ռազմավարությունը և նոր ուղղությունները, գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր և այլն:

Սամվել Հարությունյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով գիտության և տեխնոլոգիաների ոլորտում 2019-2020 թթ. իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես ՀՀ գիտական կազմակերպությունների արդյունավետության գնահատման գործընթացը, բուհերի և գիտական կազմակերպությունների՝ ըստ արդյունավետության ֆինանսավորման մեխանիզմների ներդնումը, բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների միջև գիտնականների ազատ տեղաշարժն ապահովող ցանցի ստեղծումը, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում միջազգային համագործակցության ռազմավարության մշակումը, երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի և միջոցառումների ժամանակացույցը և այլն:

ՀՀ գիտական կազմակերպությունների արդյունավետության գնահատման գործընթացը և Գիտության կոմիտեի կողմից մշակված մեթոդաբանությունը մեծ հետաքրքրություն են առաջացրել մյուս պետությունների ներկայացուցիչների շրջանում: Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարության ներկայացուցիչը, մասնավորապես, հետաքրքրվել է ՀՀ գիտական կազմակերպությունների արդյունավետության գնահատման գործընթացի մանրամասներով՝ առաջարկելով կազմակերպել փորձի փոխանակում: Նրա խնդրանքով՝  պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական կողմին տրամադրել ՀՀ գիտության կոմիտեի կողմից մշակված ՀՀ գիտական կազմակերպությունների արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը:

Գործուղման ընթացքում Ս. Հարությունյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԳՏԿ ղեկավարության և անդամ պետությունների ներկայացուցիչների հետ:  Հանդիպումների առանցքային հարցերն էին ՄԳՏԿ շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ համաֆինանսավորման սկզբունքով, և համատեղ ծրագրերի գիտական փորձաքննությանն ու հայտերի ընտրությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության ձևաչափերը:

ՄԳՏԿ կա­ռա­վարիչների խորհրդի 69-րդ հանդիպումը կանցկացվի 2019 թվականի նոյեմբերին՝ Երևանում: