ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կիրառական գիտությունը Հայաստանում

10.03.2009

Մարտի 10-ին Գիտության պետական կոմիտեի նախագահը «Փաստարկ» ակումբում հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպման թեման գիտություն-տնտեսություն հարաբերություններն էին:


Սամվել Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանում կիրառական գիտության զարգացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Նա նշեց, որ խորհրդային տարիներին գիտությանը հատկացվող գումարների ավելի քան 70 տոկոսն ուղղվում էր կիրառական գիտության զարգացմանը. տրվում էին կոնկրետ հանձնարարականներ եւ ստացված գիտական արդյունքը կիրառվում էր տնտեսության մեջ: Այժմ  գիտական կազմակերպությունները, որոնց գործունեության  արդյունքները նախկինում հաջողությամբ կիրառվել են արտադրության մեջ, ստիպված են զբաղվել առավելապես հիմնարար գիտությամբ, քանի որ արտադրության մեջ օգտագործելու նպատակով գիտական արդյունք ստանալու համար անհրաժեշտ են համեմատաբար մեծ  ներդրումներ, ինչը պետությունն առայժմ չի կարող անել, իսկ մասնավոր հատվածը խուսափում է այդ բնագավառում լուրջ ներդրումներ անելուց:

 

Գիտության պետական կոմիտեն կիրառական գիտության զարգացման ուղղությամբ արդեն որոշ քայլեր է արել: Վերամշակվել են գիտության ֆինանսավորման կարգերը, որոնցում նախատեսվում է նախապատվություն տալ տնտեսության այս կամ այն ճյուղի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի ֆինանսավորմանը: Նույն սկզբունքով կոմիտեում մշակվել եւ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1555-Ն որոշմամբ հաստատվել է «Գիտական կենտրոնների ձեւավորման սկզբունքները, չափանիշները եւ կարգը»: Նախապատրաստվում է համագործակցության պայմանագիր  Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ, որը ներկայումս նախապատվությունը տալիս է ինովացիոն բնույթի ծրագրերին:

 

Կոմիտեն ծրագրում է նաեւ անցկացնել գիտաժողովներ, սեմինարներ եւ ցուցահանդեսներ՝ ձեռներեցների ուշադրությունը կիրառական գիտական արդյունքների վրա  հրավիրելու նպատակով:

 

Հանդիպման վերջում Ս. Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին