ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Պոլիտեխնիկը նշում է 85-ամյակը

26.11.2018

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մասնակցեց Հայաստանի առաջին հանրապե­տու­թյան 100-ամյակին և Պոլիտեխնի­կա­­կան հա­մալսարանի 85-ամյակին նվիրված տարեկան գիտա­ժո­ղո­վին: 

 Գիտաժողովի նիստը նախագահում էր ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, որ հանդես եկավ «Պոլիտեխնիկն այսօրվա ու վաղվա համար է» զեկուցումով։

Ողջույնի իր խոսքն ասաց նաև կոմիտեի նախագահը, որը կարևորեց համալսարանում բազմաբնույթ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացումը, պրոֆեսորադասախոսական կազմի արհեստավարժությունը և միջազգայնացման գործընթացի ընդլայնվող միտումները, որոնք իրենց անմիջական ազդեցությունն ունեն երկրի գիտական և կրթական համակարգի ձևավորման գործում:

Այնուհետև, պարոն Հարությունյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակի կապակցությամբ, համալսարանի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի «Կառավարման համակարգեր» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Նիկոլայի Գասպարյանին շնորհեց Գիտության կոմիտեի Ոսկե մեդալ՝ բարձր գնահատելով գիտության և տեխնիկայի բնագավառում արդիական խնդիրների հետազոտություններում պրոֆեսորի ձեռքբերումներն ու ակնառու նվաճումները, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ավանդը: Իսկ համալսարանի ողջ անձնակազմին կոմիտեի նախագահը մաղթեց գիտական անսպառ եռանդ, գործին սեր ու նվիրում, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ գիտակրթական  և գիտության ոլորտի զարգացման գործում:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին