ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Քենդլ-ում կգործի նոր կրթական և վերապատրաստման կենտրոն

20.07.2018
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Հուլիսի 18-ին «Բաց դռների օր ՔԵՆԴԼ-ում» միջոցառման շրջանակներում փոխըմբռնման հուշագիր կնքվեց Rohde & Schwarz Int. GmbH-ի (Գերմանիա) և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ միջև: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Հուշագիրը նվիրված է ՔԵՆԴԼ-ում նոր կրթական և վերապատրաստման կենտրոնի ստեղծմանը: Հուշագրում մասնավորապես նշված է, որ, հաշվի առնելով ժամանակակից արագացուցիչների համար հեռահաղորդակցման, ԳԲՀ և միկրոալիքային սարքերի բաղադրիչ մասերի զարգացման, առաջխաղացման և շահագործման կարևորությունը, այս ուղղություններով համագործակցումը փոխշահավետ է և կհանգեցնի նոր տեխնիկական ու գիտական ձեռքբերումների:

Երկու կողմն էլ համաձայն են, որ վերոնշյալ նպատակներին կարելի է հասնել Քենդլ ինստիտուտում ժամանակակից հեռահաղորդակցման և ղեկավարման, ԳԲՀ և միկրոալիքային սարքերով զբաղվող կրթական և վերապատրաստման կենտրոն հիմնելով: Նոր կենտրոնը բաց կլինի Հայաստանի, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս գտնվող գիտական ու կրթական հաստատությունների համար և կնպաստի ընդհանուր հետաքրքրությունների բնագավառներում գիտնականների և ճարտարագետների նոր սերնդի ստեղծմանը»:

Այս փոխըմբռնման հուշագիրը նպատակ ունի զարգացնել և ընդլայնել երկու կողմերի միջև համագործակցության շրջանակը՝ փոխշահավետ ծրագրերի, նախագծերի և բիզնես առաջարկների համար: 

Հիշեցնենք, որ Rohde & Schwarz Int. GmbH-ը կապի, տեղեկատվության և անվտանգության ոլորտներում առաջատար դիրք ունեցող համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն է: Քենդլ-ը գիտահետազոտական ինստիտուտ է, որը վերջերս ավարտին է հասցրել ժամանակակից ավտոմատացման և ղեկավարման համակարգ ունեցող ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող էլեկտրոնային արագացուցիչը: