ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Տեղի է ունեցել Oganesson քիմիական տարրի ինագուրացիան

06.03.2017

Մարտի 2-ին  Մոսկվայում, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գիտնականների կենտրոնական տանը տեղի է ունեցել Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրած երեք նոր տարրերի (115՝ Moscovium (Mc), 117` Tennessine (Ts) և 118` Oganesson (Og)) հայտնաբերմանն ու անվանակոչմանը նվիրված հանդիսավոր արարողություն`  ինագուրացիա:

 

Հիշեցնենք, որ Oganesson (Og) տարրն այդպես է կոչվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր հայազգի Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին: Հետազոտությունների ժամանակ գիտնականի կողմից կիրառվող նորարարական մոտեցումները վճռորոշ նշանակություն են ունեցել  պարբերական աղյուսակը համալրած մի քանի գերծանր տարրերի հայտնաբերման գործում:  

 

Արարողությանը մասնակցելու համար Հայաստանից մեկնել էր նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը: Նա հանձնել է  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը, որում ընդգծված էր Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, և, հատկապես, ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի ահռելի աշխատանքն ու ներդրումը նոր քիմիական տարրերի հայտնագործման ուղղությամբ (ՀՀ վարչապետի ուղերձն ամբողջությամբ` ստորև):

 

Արարողությանը ոլորտի ռուսաստանյան ներկայացուցիչներից բացի մասնակցում էին Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) նախագահ Նատալյա Տարասովան, ով վարում էր ինոգուրացիայի արարողությունը, Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միության (IUPAP) նախագահ Քենեդի Ռիդը, Օքրիջյան ազգային լաբորատորիայի (ORNL) տնօրեն Թոմաս Մեյսենը, Է. Լուրենսի անվան Լիվերմորյան ազգային լաբորատորիայի  (LLNL) տնօրեն Ուիլյամ Գոլդշտեյնը, ինչպես նաև գերծանր տարրերի սինթեզով զբաղվող աշխարհի առաջատար լաբորատորիաների ներկայացուցիչներ  ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից, ՄՀՄԻ անդամ-երկրներից:

 

Իր ելույթում ՌԴ գիտության և կրթության նախարար Օլգա Վասիլևան նշել է, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել նման կարևոր պատմական իրադարձության: Նա ժամանակի ամենավառ նվաճումներից է համարել և՛ նոր քիմիական տարրերի հայտնագործման փաստը, և՛ այն փաստը, որ  տարրերից երկուսի` Moscovium-ի և Oganesson-ի անվանակոչությունը կապված է Ռուսաստանի հետ:


Ինոգուրացիայի շրջանակներում մարտի 2-3-ին տեղի ունեցավ գիտական հավաք, որի ընթացքում ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայում նոր տարրերի սինթեզի վերաբերյալ զեկույցով, իսկ ԱՄՆ Միչիգանի պետական համալսարանից նրա գործընկեր, պրոֆեսոր Վիտոլդ Նազարևիչի զեկույցն ամբողջությամբ նվիրված է եղել 118-րդ տարր Օganesson-ին:

 

Մեծ հետաքրքրության է արժանացել Մեծ Բրիտանիայի «Գիտության և բնության զարգացման թագավորական ընկերության» փոխնախագահ սեր Մարտին Պոլյակովի ելույթը. ընկերությունը Նոթինգհեմի համալսարանի հետ համատեղ  ֆիլմեր է նկարահանել Մենդելեևի պարբերական աղյուսակի 118 տարրերից յուրաքանչյուրի մասին: Ստորև կարող եք դիտել Oganesson տարրի մասին տեսանյութը, ինչպես նաև տեսանյութ ինոգուրացիայի մասին:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին