ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Գիտաժողով Թբիլիսիում

24.05.2010

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կարեն Հայրապետյանը մայիսի 19-21-ը Թբիլիսիում մասնակցեց «Միջին Ասիան եւ Կովկասը գիտության հորիզոնում» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը կազմակերպվել էր «Ֆոլցվագեն» հիմնադրամի կողմից: 

 

Հայաստանից գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ, Մատենադարանի, գիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին վերջին 10 տարիներին Անդրկովկասում «Ֆոլցվագեն» հիմնադրամի կողմից ֆինանսավորված ծրագրերը (ավելի քան 30 ծրագիր), գիտական հետազոտությունների արդյունքները: Ներկայացված ծրագրերի քննարկումներն ընթացան բազմաթիվ ելույթներով:

 

Գիտաժողովի օրակարգի հիմնական թեմաներից էր անդրկովկասյան երեք հանրապետությունների միջեւ գիտական հնարավոր համագործակցությունը: Քննարկմանը ելույթով մասնակցեց նաեւ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:

Պարոն Հայրապետյանը նշեց. «Մենք կարեւորում ենք տարածաշրջանում գիտական համագործակցության հարցերը: 2009 թվականին Գիտության պետական կոմիտեն կնքեց համաձայնագիր Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ: Համաձայնագրի շրջանակներում արդեն մեկ անգամ հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում կազմավորված միջազգային գիտահետազոտական խմբին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի գիտական կազմակերպությունները: Այս համագործակցությունը տարածաշրջանային նշանակություն ունի... Հետագայում եւս պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության՝ նաեւ համաֆինանսավորման տարբերակով»:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին