ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է Էդուարդ Խաչիկյանը

07.02.2018

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 2018 թ. փետրվարի 4-ին կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Երեմի Խաչիկյանը:

Ճանաչված աստղաֆիզիկոս Էդուարդ Խաչիկյանը ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 16-ին, Երևանում։ 1951 թ. ԵՊՀ աստղաֆիզիկայի բաժինը ավարտելուց հետո, 1952-1955 թթ. սովորել է Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրայում, 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Էդուարդ Խաչիկյանը 1955թ-ից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում: 1960-1969 թթ. եղել է Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղարը, 1970 թ.՝ սպեկտրադիտության լաբորատորիայի վարիչ, 1980-1985 թթ.՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը։ 1988-1993 և 1999-2003 թթ. Էդուարդ Խաչիկյանը եղել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը, 1991-1994 թթ. նախագահել է Միջազգային աստղագիտական միության թիվ 28 «Գալակտիկաներ» հանձնաժողովը։ Եղել է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումների» գլխավոր խմբագիր, «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ: Կյանքի վերջին տարիներին Է. Խաչիկյանը Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի գլխավոր գիտաշխատողն էր և գիտական խորհրդատուն:

Էդուարդ Խաչիկյանը հայտնաբերել է Սեյֆերտի տիպի նոր գալակտիկաները և դասակարգել դրանք։ Նա հայտնի է Մարգարյանի գալակտիկաների առաջին սպեկտրային դիտումներով: Ակադեմիկոս Խաչիկյանի աշխատանքները վերաբերում են գազափոշային և գիսավորաձև միգամածություններին, միգամածությունների ճառագայթման բևեռացմանը, աստղասփյուռներին և գերաստղասփյուռներին, արտագալակտիկական աստղագիտությանը, ակտիվ գալակտիկաներին, Սեյֆերտի և Մարգարյանի գալակտիկաներին։ Նա տպագրել է 160-ից ավելի գիտական հոդված և ակնարկ, մեծ ներդրում է ունեցել նաև գիտական կադրերի պատրաստման գործում:

 

Էդուարդ Խաչիկյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերության, կառավարական մեդալներով, ՀԽՍՀ ԳԽ պատվոգրով։ 2015 թ. անվանի գիտնականը պարգևատրվել է նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պատվոգրով` գիտության և տեխնիկայի բնագավառում ունեցած ձեռքբերումների, գիտության ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:


Գիտության պետական կոմիտեն  ցավակցում է Խաչիկյանների ընտանիքին և հարազատներին: Էդուարդ Խաչիկյանի հիշատակը միշտ վառ կմնա հայ աստղագիտության պատմության մեջ:


Էդուարդ Խաչիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 8-ին,ժամը 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում (հասցե` Ֆուչիկի 27/34), հուղարկավորման արարողությունը` փետրվարի 9-ին` ժամը 13.00-ին, նույն հասցեից:

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե