ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սեւանի հատակի ուսումնասիրման հարցերը կդրվեն գիտական հիմքերի վրա

13.04.2010

Ապրիլի 13-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահն ընդունեց ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Արայիկ Նավոյանին, Մարսելի ջրասուզակների եւ հետազոտողների կենտրոնի, Մարսելի ստորջրյա հնագիտական հետազոտությունների խմբի ներկայացուցիչներ՝ Ստեֆան Կոջայանին եւ Կլոդ Թուլումջյանին:

 

Կոմիտեի նախագահը ողջունեց հյուրերին եւ նշեց, որ արդեն 2009 թվականից Հայաստանը եւ Ֆրանսիան սերտորեն համագործակցում են գիտական ծրագրերի իրականացման բնագավառում:

 

Պարոն Կոջայանը ներկայացրեց Սեւանա լճի հատակի ուսումնասիրման  վերաբերյալ իրենց ծրագիրը, որի նպատակը ջրասուզման եւ ջրի հատակի հետազոտման միջոցով Սեւանա լճի բուսակենդանական աշխարհի առանձնահատկությունները, ինչպես նաեւ լճի տարբեր հատվածների բաղադրությունը եւ պիտանելիությունը բացահայտելն է: Ֆրանսիայից ժամանած հյուրերը պատրաստակամություն հայտնեցին Հայաստան բերել սարքավորումներ եւ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական նյութեր, ինչպես նաեւ՝ Հայաստանում կազմակերպել ջրի հատակում հետազոտություններ իրականացնելու վերապատրաստման դասընթացներ:

 

Պարոն Հարությունյանը կարեւորեց Հայաստան-Ֆրանսիա գիտական համագործակցությունը, հատկապես՝ դրանում հայազգի նախաձեռնողների մասնակցությունը: Կոմիտեի նախագահը նշեց, որ ֆրանսահայ ջրասուզակների՝ Սեւանա լճի հատակի ուսումնասիրման հարցերը գիտական հիմքերի վրա դնելու պատրաստակամությունը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Նա հավաստիացրեց, որ կոմիտեն հնարավորության սահմաններում աջակից կլինի նմանատիպ ծրագրերի իրականացմանը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին