ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե


Հարցեր գիտական գործուղումների ֆինանսավորման վերաբերյալ

Հարց 1. Ո՞ր դեպքերում է գիտաշխատողին տրամադրվում ֆինանսական աջակցություն գիտական գործուղման համար:

Պատասխան - Գիտաշխատողին ֆինանսական աջակցություն տրամադրվում է կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրին առնչվող միջազգային գիտաժողովին, գիտական կոնֆերանսին, սիմպոզիումին կամ սեմինարին (այսուհետ` Գիտական միջոցառում), որպես կանոն, բանավոր զեկույցով հանդես գալու համար գործուղելու դեպքում` գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով (որպես կանոն՝ տարեկան մեկ անգամ):

 

 Հարց 2. Ո՞վ և ե՞րբ կարող է դիմել գիտական գործուղման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:

Պատասխան- Գիտական գործուղման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով ՀՀ գիտության կոմիտե գրավոր դիմում է կազմակերպության ղեկավարը` գիտական միջոցառմանը գիտաշխատողի մասնակցության հրավերը ստանալուց հետո, ոչ ուշ, քան գործուղման մեկնելու օրվանից երեսուն օր առաջ:

 

Հարց 3. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն գիտական գործուղման համար ֆինանսական աջակցության ստանալու նպատակով:

Պատասխան - Կազմակերպության ղեկավարը ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով գրավոր դիմում է ՀՀ գիտության կոմիտե՝ ներկայացնելով գիտական միջոցառման կազմակերպիչի հրավերը կամ զեկույցն ընդունելու մասին ծանուցումը, գիտական գործուղման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտը և գործուղվող գիտաշխատողի գիտական արդյունավետության բնութագիրը (վերջին 3 տարիների ընթացքում հայտատուի գիտական հրապարակումների (մինչև տասը) և գիտական միջոցառումներում հրավիրված կամ բանավոր զեկույցների (մինչև հինգ) ցանկերը): Ընդունելի է նաև Կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման առցանց համակարգում (https://grants.scs.am) գրանցված գործուղվող գիտաշխատողի անհատական (տասներկու նիշանոց) կոդը ներկայացնելը:

 

Հարց 4. - Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացված գործուղման ավարտից  հետո:

Պատասխան- Կազմակերպության ղեկավարը, գործուղման ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտե է ներկայացնում գիտաշխատողի գործուղման արդյունքների մասին Կազմակերպություն ներկայացրած հաշվետվության պատճենը` կցելով ուղևորի նստեցման կտրոնների (boarding pass) պատճենները:

 

Մանրամասն տե՛ս Գիտական գործուղման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգ (հաստատված` ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. մայիսի 7-ի N 13-Ա/Ք հրամանով)