ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, կրթության ու գիտության բնագավառի ներկայացուցիչներ

01.09.2017

Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Սեպտեմբերի 1-ը մեր երկրում ամենաշատ սպասված պետական տոներից է, ինչը վկայում է գիտելիքի ու կրթության հանդեպ հայ ազգի ունեցած յուրահատուկ մոտեցման մասին: Պատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է որպես գիտելիքի օր: Գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը: Եվ դա բնավ էլ զարմանալի չէ. չունենալով բնական մեծ հարստություններ ու գտնվելով աշխարհաքաղաքական բարդ դիրքում՝ հենց մտավոր ներուժի շնորհիվ է հայ ազգը կարողացել գոյատևել և պատվավոր տեղ ու հարգանք վաստակել աշխարհում:

Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության և գիտության բնագավառներում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից: 

Հայ դպրոցականներին ու ուսանողներին մաղթում եմ արդյունավետ ուսումնական տարի, կոչ եմ անում  առավելագույնս օգտագործել գիտելիքի անծայրածիր աշխարհը ճանաչելու բոլոր հնարավորությունները և երբեք չմոռանալ, որ մտավոր ներուժն է պետության հզորության և յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության գրավականը: Շնորհավորում եմ նաև մեր մանկավարժներին և պրոֆեսորադասախոսական կազմին` կոչ անելով իրենց ջանքերն ուղղել մեկ կարևոր նպատակի` կրթել և դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:

 

Գիտության պետական կոմիտեի նախագահ՝        Սամվել Հարությունյան