ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գնահատման մեթոդաբանությունը կմշակվի ձևավորվող աշխատանքային 2 խմբի կողմից

15.05.2019
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Մայիսի 14-ին ՀՀ ԿԳՆ գիտության  կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների որոշման մեթոդաբանությունը մշակելու նպատակով ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում ստեղծվելիք աշխատանքային խմբում ընդգրկվելու համար դիմած անձանց հետ:

Ողջունելով հրավիրվածներին` Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին ակտիվության և նման բարդ աշխատանքում հասարակական հիմունքներով ներգրավվելու ցանկության  համար: Նա հայտնեց, որ հանդիպման հիմնական նպատակն է աշխատանքային խմբերի ձևավորումը, քանի որ խմբում ընդգրկվելու ցանկություն է հայտնել մոտ  110 մարդ, ինչն աշխատանքային խմբի համար շատ մեծ թիվ է, նպատակահարմար է խմբի անդամների ընտրությունը կատարել քննարկման արդյունքում` բոլորի ներկայությամբ և նրանց կողմից առաջարկված եղանակով: «Մեզ համար միակ պայմանն է, որ աշխատանքային խմբի անդամը լավ տեղեկացված լինի գիտաչափական տվյաների մասին»,_ ասաց նա:

Պարոն Հարությունյանն առաջարկեց կազմել աշխատանքային երկու ենթախումբ` 9-ական անդամով, որոնցից մեկն աշխատի բնական, ճարտարագիտական և տեխնոլոգիական, բժշկական և գյուղատնտեսական գիտությունների, մյուսը` հասարակական, հայագիտական և հումանիտար գիտությունների ուղղություններով:

Աշխատանքային խմբի անդամների ընտրության վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ և առաջարկներ: Ի վերջո, որոշվեց ընտրությունը կատարել` հաշվի առնելով դիմողների գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշը, որը կհաշվարկվի կոմիտեի անցկացրած «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների ժամանակ կիրառվող  սկզբունքով: Բացի այդ, առաջարկվեց, որ խմբի անդամների մեկ երրորդը լինի մինչև 35 տարեկան, նույն կազմակերպությունը խմբում չունենա մեկից ավել ներկայացուցիչ: Հաշվի կառնվի նաև մարզերից կազմակերպությունների ներգրավվածությունը: